Նկարը առնուած է Կայարան Համալիրից

Դիրք

ԿԱՅԱՐԱՆ Համալիրը գտնւում է Երեւանի Կասկադի բլուրի բարձրագոյն դիրքում, «Հասկ» յուշարձանի և Գաֆէսճեան Հիմնարկութեան Թանգարանի մօտ.

Kayaran Residential Complex Location

Այս շէնքը կառուցելիս չի օգտագործուել որևէ թուրքական արտադրանք

Մենք հաւատում ենք որ առեւտրի մէջ խիղճը գերազանցում է շահը, և մենք ոչ միայն ասում ենք, այլ ապրում ենք մեր օրինակով:

Արժանապատւութիւն ունեցող մարդը մերժում է առեւտուր անել այն մարդու հետ որ չի յարգում զինքը,  անկախ նրանից թէ վաճառողն է կամ գնորդը: Հետեւաբար այսօր ինչու՞ հայերը պիտի առեւտուր անեն թուրքերի հետ երբ նրանք, պետական քաղաքականութեամբ ու ներկայացչութեամբ, ոչ միայն ուրանում են քսաներորդ դարու առաջին ցեղասպանութիւնը, ոչ միայն շարունակում են գրաւած պահել Արեւմտեան Հայաստանի հայկական տարածքները, այլ աւելին, այսօր վարում են այնպիսի մի քաղաքականութիւն, որ վտանգում է ինքնին գոյութիւնը Հայ ժողովուրդի և անկախ Արեւելեան Հայաստանի:

Արդեօ՞ք Հրեաները առեւտրի կամ որևէ այլ բնագաւառում կը համագործակցէին գերմանացիների հետ, եթէ Նացի Գերմանեան այսօր գոյատեւէր և շարունակէր ողջակիզման 1940-ականների իր քաղաքականութիւնը:

2009-ի Ապրիլին, ստացանք մի դիմում-նամակ Շինտլէր վերելակների ընկերութեան Պոլիսի տարածաշրջանային գրասենեակից: Այս նամակով խնդրում էին հանդիպել մեր հետ իրենց յաջորդ Երեւան այցելութեան ընթացքում, մեր վերելակները իրենցից ձեռք բերելու կարելիութիւնը քննարկելու նպատակով: Ստորեւ ներկայացնում ենք մեր պատասխան նամակը ուղղուած Թուրքիայի Շինտլէրին:

Յարգելի Այսա,

Շնորհակալութիւն ձեր դիմումի համար: Սկզբունքով հետաքրքրուած եմ ձեր վերելակներով եւ իրականում գալիք ամիսներին կարիքն ենք ունենալու հինգ վերելակների մեր շինարարական համալիրին համար:

Թէև հաւանաբար բնական կը լինէր համագործակցութիւնը հարեւան երկիրների գործարարների միջև, մենք հանգիստ խղճով չենք կարող առեւտուր անել մի ընկերութեան հետ որի գործունէութիւնը հիմնուած է թուրքիայում: Հետեւեալ տողերով փորձելու եմ բացատրել իմ կեցուածքի հիմնաւորումները:

Ես պատկանում եմ Հայկական Ցեղասպանութիւնը վերապրած երրորդ սերնդին: Բացի հօրմիցս եւ իր փոքր եղբօրմից, որոնք փոքր պատանիներ էին 1915-ին, իրենց ամբողջ ընտանիքը, վեց քոյրերն ու եղբայրները, հայրն ու մայրը, ու ամբողջ գիւղի 350 հոգինոց բնակչութիւնը, ջարդուեցին թուրքական կանոնաւոր բանակի կողմից, 1915-ի Յունիսին:  Այն ինչ տեղի ունեցաւ իմ պապենական գիւղում, Տիգրանակերտում 1915-ին, հետեւողական ու կազմակերպուած կերպով կրկնուեց ու իրագործուեց Օսմանեան Թուրքիայի պետութեան կողմից իմ 4000 տարուայ հայրենիքի ամբողջ տարածքին:

Վերջերս այցելեցի Արեւմտեան Հայաստան, ներկայիս կոչուած «Արեւելեան Թուրքիա», ու սարսափեցի տեսնելով որ անցնող 90 տարիների ընթացքում, յաջորդական թուրքական իշխանութիւնները ներառեալ ներկայինը, հետեւողականօրէն քանդել, աւերել ու ոչնչացրել են հազարաւոր տարիների հայկական պատմական կոթողներն ու մշակութային արժէքները: Հարիւրաւոր եկեղեցիներ պայթեցուած են ու աւերուած, ուրիշներ խորամանկօրէն փոխակերպուած են մզկիթների, և զբօսաշրջիկներին ներկայացւում են իբրեւ թուրքական պատմական կառոյցներ իբրեւ թէ կառուցուած 1000-1500 տարիներ առաջ: Հեգնականն այն է, որ թուրքերի նախնիները՝ սելճուքները, հասել են Հայաստան միայն 13-րդ դարուց  յետոյ: Հայկական պատմական Անի քաղաքում 40-ից աւելի եկեղեցիներից մնացել են միայն 6-ը, այն էլ կիսականգուն վիճակում, ու այդ 6-ն էլ թուրք սբօսաշրջիկութեան ուղեկիցների կողմից ներկայացւում են իբր վրացական և յունական եկեղեցիներ....

Հայկական Կարին քաղաքում, ներկայիս Էրզրում, քաղաքի գլխաւոր հրապարակում հին Հայկական երկու եկեղեցիները, փոխակերպուած են մզկիթների եւ թուրքական զբօսաշրջիկութեան նախարարութեան ցուցատախտակի վրայ ներկայացւում են իբր  կառուցուած թուրք իշխանաւորների կողմից:

Վերջերս, թուրքական կառավարութիւնը ձեռնարկեց նորոգել Վանայ լճի Ախթամար կղզու Հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Նկատի առնելով թուրքական կառավարութեան թշնամական կեցուածքը Արեւելեան անկախ Հայաստանի հանդէպ, Հայկական անգին մշակութային պատմական կոթողների նկատմամբ, և վերջապէս նկատի առնելով Թուրքիոյ յամառ ուրացումը իր կազմակերպած 1915թ. Հայոց Ցեղասպանութիւնը, պարզ է որ Ախթամար կղզու եկեղեցու վերանորոգումը պարզապէս քաղաքական դրսեւորումն էր: Նոյն այս թուրքական կառավարութիւնը տարիներէ ի վեր աւերում է ու բնաջնջում հայկական կոթողները Վանի ու ամբողջ Արեւմտեան Հայաստանի տարածքում: Ակնհայտ է որ Ախթամարի եկեղեցու նորոգումը քաղաքական ճարպիկութիւն մըն է որը ծառայում է միայն թուրքիոյ շահերին:

Որպէս մարդ, որ պատկանում է մի երկրի, մի ժողովրդի որ մարմնացնում է աշխարհի պատմութեան հնագոյն ու ամէնահարուստ քաղաքակրթութիւններից մէկը, խնդիրը միայն իմ ընտանիքի, իմ երկրի, իմ ժողովրդի դաժան ցեղասպանութիւնը չի, ու լոկ մեր ընտանիքի հազարաւոր տարիների տուների ու կալուածների կորուստը չի, խնդիրը, միայն 4000 տարուայ իմ հայրենիքի մեծագոյն հատուածի կորուստը չի, ու այդ հայրենիքում խաղաղ ապրելու, ստեղծագործելու ու բարգաւաճելու իմ իրավազրկումն էլ չի. խնդիրը այդ բոլորն է ու շատ աւելին: Խնդիրը մարդկային արժանապատւութիւն է, արդարութիւն: Խնդիրը խիղճն է, որ թոյլ չի տալիս մեզ, հարեւան երկրների գործարարներ, համագործակցել միմեանց հետ:

Յարգելի Այսա, ես ձեզ անձամբ չեմ ճանաչում, և հաւանական է որ իմ գրած տողերը ձեզ չեն հետաքրքրում ու չեն տեղաշարժում ձեր զգացումները: Ամէնայնդէպս շնորհակալութիւն եմ յայտնում ձեզ այս տողերը կարդալու համար, ու եթէ ցանկանում էք, խմդրեմ իմ խօսքերը փոխանցէք ում հարմար էք գտնում, հատկապէս նրանց որոնք կը հասկանան ու կը գնահատեն, քանզի ես իմ մէջ չունեմ ոչ իսկ մի կաթիլ թշնամանք կամ վրիժառութիւն թուրք ժողովրդի նկատմամբ:

 Յարգանօք՝

Վիքէն Արապեան